Բանախոսությունը նվիրված է Հայաստանի անկախացման տարիներին Երևանի փողոցային միջավայրում տեղի ունեցած փոփոխություններին, հանրայինի ու մասնավորի բախմանը, քաղաքային տարածքների առևտրայնացմանը և քաղաքի հանդեպ իրավունքի խնդրի քննարկմանը։ 1990-ականների առաջին կեսերը խորհրդային փլուզված համակարգից կապիտալիզմի անցման ամենաքաոտիկ ժամանակներն էին։ Քաղաքային միջավայրում այս շրջանի հիմնական առանձնահատկությունն այն էր, որ իհայտ եկավ քաղաքի հանդեպ իրավունքի համար անկազմակերպ պայքար։ Խորհրդային համակարգում քաղաքի հանդեպ իրավունքը մոնոպոլիզացված էր և պատկանում էր ԽՍՀՄ-ում իշխանություն իրականացնող միակ ՝ կոմունիստական կուսակցությանը։ ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանի անկախացումից հետո Երևանի բնակչության մեծամասնությունը դեռևս լավ չէր հասկանում, որ այդ մոնոպոլիան այլևս վերացել է։ Հասկանում էին հիմնականում նրանք, ովքեր գործնականորեն առնչվում էին այդ խնդրին և իրենց գործնական խնդիրներից ու շահերից ելնելով ձևավորում էին սեփական տեսանկյունը քաղաքի տարածքի ինչպիսին լինելու վերաբերյալ։ Առաջին նման խմբերը մանր ու միջին առևտրկաններն էին, ովքեր քաղաքի տարածությունը սկսեցին ընկալել, որպես մանր առևտրային տարածք և շատ արագ սկսեցին վերափոխել քաղաքի հանրային տարածքները, դարձնելով դրանք սեղանիկների և առևտրային մանր տաղավարների, տոնավաճառ- «յառմըռկաների», փոքր խանութային տարածքների միջավայրեր։ Այս իրավիճակը շարունակվեց մինչև 1990-ականների վերջերը, երբ իհայտ եկան խոշոր փողատերերը և մանր առևտրականների սեղանիկներով ու «բուդկաներով» զբաղեցրած տարածքները փոխարինվեցին խոշոր խանութներով ու առևտրային տարածքներով։ Զուգահեռաբար, Հյուսիսային պողոտայի կառուցապատումով (2002 թ․) սկսվեց նաև շինարարական բումը։ Քաղաքի հանդեպ իրավունքը անցավ օլիգարխիկ վերնախավին, ով սկսեց քաղաքային տարածքը վերափոխել ըստ իր տեսանկյան։ Այս վիճակը շարունակվեց մինչև 2007-2008 թվականները, երբ առաջին անգամ Երևանում ի հայտ եկան քաղաքացիական այնպիսի նախաձեռնություններ, որոնք սկսեցին վիճարկել օլիգարխիկ վերնախավերի քաղաքի հանդեպ տեսանկյան ու իրավունքի մոնոպոլիան։ Տեղի ունեցան մի շարք քաղաքացիական շարժումներ, որոնց մի մասն ավարտվեց քաղաքացիական ակտիվիստների հաղթանակով։ 2018 թվականի «Թավշյա հեղափոխություն»-ից հետո կար հանրային ակնկալիք, որ քաղաքի հանդեպ իրավունքը կվերադարձվի հանրությանը։ Սակայն, փաստացիորեն դա տեղի չունեցավ, ինչը հանգեցրեց հանրության քաղաքացիական ակտիվ հատվածի հիասթափությանը։ Զեկույցը կանփոփվի հետհեղափոխական շրջանում քաղաքի հանդեպ իրավունքի հիմնախնդրի հետ կապված մարտահրավերների քննարկմամբ։
ԱՂԱՍԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ