Բանախոսությունը նվիրված է Երևանի փողոցային կյանքում ուշխորհրդային շրջանում տեղի ունեցած փոխակերպումներին, մասնավորապես այսպես կոչված «գողական» ենթամշակույթի ձևավորմանը ու դրա ազդեցության տարածմանը փողոցում մարդկային փոխհարաբերությունների կազմակերպման վրա։ 1950-ականների երկրորդ կեսերին գուլագյան ճամբարներից միանգամից ազատ արձակվեցին միլիոնից ավել բանտարկյալներ։ Դրանց մեջ կային նաև հայաստանցի բանտարկյալներ, ովքեր վերադառնալով քաղաքացիական կյանքին այդ ճամբարներից քաղաքային միջավայր բերեցին քրեական խոսվածքին բնորոշ լեզուն և վարքագծային պրակտիկաները։ Արդեն 1960-ականներին այն աստիճանաբար արմատավորվեց թաղային ու բակային միջավայրերում և շուտով դարձավ «տղամարդկային աշխարհի» կարևոր բաղադրիչը, ստանալով «գողական» անվանումը։ «Գողականը» շուտով դարձավ գերակայող հատկապես աշխատավորական խավերի միջավայրում և գերիշխող դեր ձեռք բերեց թաղամասերում հասարակական հարաբերությունների կարգավորման գործում։ Այս երևույթը հենված էր ազատազրկման վայրերում քրեական աշխարհի հիերարխիայում վերին դիրք գրավող «գողական աշխարհի» հասկացությունների ու դրանցից բխող պրակտիկաների վրա։ Այդ հասկացությունների միջոցով որոշակիացվում ու կարգավորվում էին ճիշտ կամ սխալ արարքները։ Գողական աշխարհի հեղինակությունները, ովքեր վարում էին բավականին չափավոր կենցաղ, աչքի չէին ընկնում հարստությամբ ու ճոխ ապրելակերպով, թաղային միջավայրերում ձևավորեցին արդարադատության ալտերնատիվ համակարգ բոլոր այն մարդկանց համար, ովքեր գերադասում էին այդ հեղինակությունների միջոցով հարցերի լուծումը դատարանի, ոստիկանության կամ այլ պետական ուժային կառույցների դիմելուց։ Քանի որ ըստ ընդունված կարծիքի հասարակ մարդկանց համար հարցերն այստեղ լուծվում էին ավելի արդարացի, քան ոստիկանությունում կամ դատարանում։ Խորհրդային Միության փլուզումից հետո Երևանի փողոցային կյանքի պրակտիկաները զգալիորեն փոխվեցին։
ԱՂԱՍԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ