Categories
Վիզուալ Արվեստ

Անորոշություն 2018-2022

2022 թվականի սեպտեմբերի 1-ից 13-ը Երևանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ ամերիկահայ գեղանկարիչ և քանդակագործ Րաֆֆի Մուսախանյանի անհատական ցուցահանդեսը։
Ս/թ Սեպտեմբերի 1-ից մինչև 13-ը Երևանի ՀայԱրտ մշակութային կենտրոնում տեղի կունենա Ամերիկահայ գեղանկարիչ և քանդակագործ Րաֆֆի Մուսախանյանի անհատական ցուցահանդեսը։ Ծնունդով երևանցի, բայց արդեն շուրջ չորսուկես տասնամյակ Նահանգների արևմտյան ափին, Լոս Անջելոսում բնակություն հաստատած արվեստագետը ամերիկյան արվեստասեր հանրությանը հայտնի է դարձել իր բազմաթիվ ցուցահանդեսներով, որոնք կազմակերպվել են ԱՄՆ տարբեր քաղաքներում։ Րաֆֆին ճանաչում է ձեռք բերել նաև իբրև դեկորատոր նկարիչ՝ իր մասնակցությունը բերելով Հոլիվուդյան կինորատարդության հայտնի ֆիլմերում (Starship Troopers -1997, The Lost World: Jurassic Park-1997, The Blade -1998, Deep Impact-1998, Flintstones Viva Rock Vegas - 2000, The Cell - 2000, Princess Diary – 2001 և այլն)։ Ցուցահանդեսի խորագիրը՝ «Անորոշություն. 2018-2022» արդեն իսկ հուշում է, որ ցուցահանդեսում ներառված են որոշակի ժամանակաշրջանի ընթացքում ստեղծված աշխատանքներ։ Բայց վերնագրի մեջ առաջինը «անորոշություն» բառն է։ Այդ բառը հղում է զգացումներին ու տրամադրություններին, որով վերջին տարիներին համակված ենք մենք բոլորս։ Իսկ ի՞նչ անորոշության մասին է խոսքը Րաֆֆիի պարագայում։ Ինչպե՞ս է արվեստագետը կտավի վրա աշխատում իրեն համակած այդ զգացումների ու տրամադրությունների հետ։ Արվեստի քննադատ, ցուցահանդեսի համադրող Նազարեթ Կարոյանը գրում է. ՙԿարելի կլիներ ասել, որ այս անորոշությունը Րաֆֆիի համար մի խնդիր էր, որն էլ հենց տևականորեն սահմանում էր նրա անելիքը։ … արվեստագետը ասես ձգտում էր լուծել այդ խնդիրը, փորձում էր հաղթահարել անորոշության այդ վիճակը, որն ներթափանցում էր իր գործերի մեջ իր կամքից անկախ, անգիտակցականորեն, իբրև մարդկային հույզերի արտահայտություն։ Մի օր սակայն, արվեստագետը, հայտնության ու պայծառացման պահի մեջ սկսում է թերևս հասկանալ, որ անհրաժեշտ է այդ անորոշությունը ոչ թե թաքցնել տարասեռ ձևախեղումների ներքո, ոչ թե քողարկել կամ հաղթահարել, այլ վերածել սկզբունքի, մի նյութի, որով հնարավոր է աշխատել, որով կարելի է որսալ ու պլաստիկական առումով հավաստի ու ճշմարիտ մի ձև տալ, քարացնել իր կյանքի այն տատանումները, որոնցով ապրում է, իր այն ապրումը, որով տվայլ պահին համակված է, կալանելով ինչպես դրա նյութական դրդիչը, այնպես էլ դրա աժմեականությունը (այսինքն դիրքն ու պահը)՝ հաշվի չառնելով այդ դրդիչի ո՜չ չափը, ո՜չ ձևը, ո՜չ գույնը և՝ ո՜չ էլ թափը»: