Categories
Աշխատարաններ

ՈՒՇԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԵՐԵՎԱՆ․ ՍՈՎԵՏԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՊԱՍՈՎԵՏԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԱՌՕՐՅԱ ՊՐԱԿՏԻԿԱՆ

Բանախոսությունը նվիրված է Երևանի 1960-1980-ական թվականների առօրեա կյանքի պրակտիկաների և դրանց արդիականացման առանձնահատկությունների ներկայացմանը։ Ուշխորհրդային Երևանին բնորոշ հետաքրքիր երևույթներից մեկն այն էր, որ այստեղ արդիականացման գործընթացը ուներ ֆորմալ-պաշտոնական և ստվերային հարթություններ, որոնք արտահայտվում էին մոդայի, ժամանցի, հանրային հարաբերությունների, անձնական կյանքի պրակտիկաներում առկա խորհրդայինի և արևմտյանի զուգահեռ դրսևորումների միջոցով։ Զեկույցում կխոսվի ինչպես դրանց հատումների, այնպես էլ բախումների մասին։ Առանձնակի ուշադրություն կդարձվի սովետական մարդու առօրեա պրակտիկաների ու ճաշակի գաղափարախոսականացման և դրանց ապասովետականացման երևույթների վրա։ 1970-1980-ականներին քաղաքում տեղի ունեցավ հանրային միջավայրերի՝ զբոսայգիների, սրճարանների, թատրոնների, կինոթատրոնների, հրապարակների զգալի աճ։ Դա հանգեցրեց քաղաքային տարածքում փակ միջավայրերի հանդեպ բաց միջավայրերի գերակայությանը, որը թույլ էր տալիս անհատին իր օրվա մի մասը կազմակերպել հարևանային ու ազգակցական փակ տարածքներից դուրս, որտեղ իրենց անձնապես ոչ ոք չէր ճանաչում և մեծանում էր անհատի ոճականության դրսևորման ազատության աստիճանը։ Հանրային միջավայրի փոխակերպումները ազդեցին քաղաքային մոդայի, ժամանցի, ոճականության բազմազանեցմանը և պատոնապես քարոզվող խորհրդային միաչափության հետ բախումներին։ Այս համատեսքտում նկատելիորեն փոփոխվում էին նաև բակային տարածքներում ու հանրային միջավայրերում մարդկանց փոխհարաբերությունների կազմակերպման պրակտիկաները։ Այս փոխակերպումները ազդում էին նաև անձնական կյանքի ազատականացման և դրա հետ կապված նոր պրակտիկաների հայտնվելուն, որոնք խորացնում էին իրական կյանքի և «զարգացած սոցիալիզմի» անհատի բարոյական կերպարի վերաբերյալ պաշտոնական դիսկուրսի միջև անջրպետը։ Բանախոսությունը կամփոփվի մոդայի ու հագուստի, ժամանցի և քաղաքային առօրեա այլ պրակտիկաներում սառը պատերազմի դրսևորումների և խորհրդային պաշտոնական գաղափարախոսության ձախողումների քննարկմամբ։

ԱՂԱՍԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ