Մեր մասին

Ի՞նչ է ՀայԱրտը

ՀԱՅԱՐՏ մշակութային կենտրոնը ժամանակակից արվեստի հարթակ է, ստեղծարար մի հանգույց, որի գործունեությունն ուղղված է Հայաստանում ժամանակակից արվեստի հանրահռչակմանը, մշակութային կրթության և ստեղծարար արդյունաբերության խթանմանը, արվեստի միջազգային փոխանակություններին:

Լինելով բազմագործառույթ մի հարթակ, ՀայԱրտը ժամանակակից արվեստի բազմաբնագավառ ձևերի (տեսողական, կատարողական, թվանշային արվեստներ, լուսանկարչություն և այլն), ճարտարապետական նախագծերի ու փորձարարական կինոյի ցուցադրությունների, թատերական ներկայացումների, էլեկտրոնային ու ժամանակակից դասական երաժշտության համերգների կազմակերպման հետմեկտեղ, գիտաժողովների, քննարկումների և կրթական այլազան ծրագրերի միջոցով ծավալում է նաև գիտելիքի արտադրության ու տարածման գործունեություն:

Մենք փորձում ենք մեկտեղել ստեղծարար տնտեսությունների կարողությունները մշակույթի ոլորտում գործող համայնքների պահանջմունքների հետ՝ ստեղծելով փոխշահավետ լուծումներ առաջարկող միջավայր, որը կօգնի դիմագրավել քաղաքական, սոցիալական ու տնտեսական փոփոխվող իրավիճակների արդյունքում ծառացած մարտահրավերները: ՀայԱրտը-ի թիրախում ծրագրեր են, որտեղ փոխըմբռնումը և մշակութային ինտեգրումը կոչված են լինելու գերակա:

ԱՆՁՆԱԿԱԶՄ

Մարինե Կարոյան

Տնօրեն

Արեգ Առաքելյան

Միջոցառումների համակարգող

Տիգրան Ալեքսանյան

Միջոցառումների համակարգող

Սյուզաննա Հակոբյան

Դիզայներ

ՇԵՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

ՀայԱրտ Մշակութային կենտրոնը հիմնադրվել է 1997 թվականին, իբրև Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մշակութային հաստատություն։ Այս կարգավիճակը իր խորը ազդեցությունն է թողել կենտրոնի գործունեության վրա։ Այնպես է ստացվել, որ այս հանգամանքը հանգեցրել է կենտրոնի գործունեության անորոշության՝ պայմանավորված երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներով: Այս կամ այն քաղաքական ուժի իշխանության գալու հետ մեկտեղ այն ենթարկվել է ամբողջական փոփոխությունների, որոնք իրենց հետ բերել են կենտրոնի հետապնդած ցուցադրական նպատակների, իրականացրած քաղաքականությունների, և նույնիսկ արվեստագետների շրջանակների փոփոխության։

Այսպես, իր հիմնադրումից հետո առաջին յոթ տարիներին կենտրոնն ուներ արվեստի դաշտի մեջ ներգրավված, այդ դաշտում կշիռ ունեցող պրոֆեսիոնալներ։ Իրականացվում էին նախագծեր, որոնք լուրջ ազդեցություն էին թողնում Հայաստանի ժամանակակից արվեստի դաշտում տեղի ունեցող գործընթացների վրա։ Ձևավորվել էր խորը համագործակցություն արվեստի միջազգային, հատկապես եվրոպական շրջանակների հետ։ Այս ամենի արդյունքում հաստատությունը դարձել էր ժամանակակից արվեստի ցուցադրության երկու գլխավոր հարթակներից մեկը Երևանում։

Սակայն երկուհազարականների կեսերից, քաղաքի նոր իշխանությունները որոշեցին թարմացնել նաև Հայարտի անձնակազմը։ Այս փոփոխությունը գլխիվայր շրջեց ՀայԱրտի պատմությունը։ Սրահների մեծ մասը հանձնվեց վարձակալության, և ըստ էության, կենտրոնը դադարեց ծառայել արվեստին։ Ու թեպետ պահպանվեց հաստատության անունը, բայց կենտրոնի գործունեության նպատակներից ու սկզբունքներից ոչինչ չպահպանվեց և այն կորցրեց իր նախկին հեղինակությունն ու կշիռը։

Այս վիճակը շարունակվեց շուրջ տաս տարի, մինչև տասականների կեսերը, երբ ևս մեկ անգամ փոխվեցին քաղաքային իշխանությունները։ ՀայԱրտում այս փոփխությունը արտահայտվեց նրանով, որ վարձակալության տրված սրահները վերադարձվեցին ու դարձյալ սկսեցին գործածվել ցուցահանդեսային նպատակներով։

Երևանի քաղաքապետարանի ՀայԱրտ մշակութային կենտրոնը վերջին տարիներին աչքի է ընկնում արվեստի տարբեր ժանրերի ու ոճերի յուրահատուկ ներկայացմամբ՝ գեղանկար, քանդակ, կիրառական արվեստ, դասական երաժշտություն, ինչպես նաև հանդիպումներ, մշակութային թեմաներով բանավեճեր, շնորհանդեսներ և այլն: